«Դեռևս ամբողջովին մերկ չեմ նկարվել ու Հայաստանում չեմ էլ նկարվի». Լիլի Սարգսյանը՝ տաբուների, անձնական կյանքի ու ֆինանսապես անկախ լինելու մասին

Համեստ, բարի ու նվիրված. նրան շրջապատում այսպիսին են բնորոշում, մարդ, ում աստղային կյանքը դեռ չի հասցրել փչացնել, թանկ կենցաղ էլ չի վարում, փորձում է միշտ լինել ոճային ու հմայիչ։ BlogNews.am-ի զրուցակիցը 19-ամյա գեղեցկուհի Լիլի Սարգսյանն է։ Նա լուսանկարվել է նաև գարնանային գունեղ ֆոտոշարքում։

– Լիլի, «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթից անցել է երկու տարի։ Այն ժամանակ քո մասնակցությունն ու հաղթանակը շատ քննարկվեցին, բայց հետո բումը միանգամից մարեց։ Հիմա, կարելի է ասել, պասիվ ես, քո մասին քիչ են խոսում։ Հետաքրքիր է, ինչո՞վ ես հիմա զբաղված։

– Այս պահին էլ ավելի կենտրոնացած եմ երկրից դուրս գալու մտքի վրա, չնայած մասնակցում եմ նկարահանումների և ցուցադրությունների: Նաև ընկերներիս հետ եմ ժամանակ անցկացնում:

– Ո՞րն է ամենակարևոր բանը, որ սովորել ես այս ընթացքում։

– Հույսը դնել միայն Աստծո վրա, հավատալ և աղոթել․ միայն նա է ամենաանկեղծը մեզ հետ:



– Լիլի, մրցույթից հետո արդյոք հեռուստատեսային նախագծերից առաջարկ ունեցե՞լ ես նկարահանվելու, ինչո՞ւ չես համաձայնվել։

– Այո՛, ունեցել եմ ֆիլմերի և գովազդների առաջարկներ։ Եղել են դեպքեր, երբ կերպարն ինձ չի համապատասխանել, կամ չեմ ցանկացել այդ ֆիլմում խաղալ: Իմ ուղին ավելի շատ մոդելային է:

– Հայտնիությունը որքան էլ հաճելի երևույթ է, ինչ-որ առումով նաև կաշկանդող հատկություն ունի։ Շատ հարցերում մարդ կորցնում է ազատությունը։ Քո դեպքում ինչպե՞ս է։

– Չեմ հերքի՝ սկզբնական շրջանում կորցրել էի ազատությունը, սակայն հետագայում հարմարվեցի այդ կարգավիճակին: Հիմա էլ ավելի ազատ եմ, ազատությունն է մարդուն թևեր տալիս։


– Աստղային կյանքը ենթադրում է կենցաղի որոշակի փոփոխություն։ Հետաքրքիր է, ինչպիսի՞ն էիր մինչև մրցույթը և դրանից հետո, կենցաղդ թանկացե՞լ է։

– Կենցաղս այդքան չի փոխվել, ինչքան ընդհանուր միջավայրը։

– Իսկ ընկերական շրջապատդ փոխվե՞լ է։

– Ո՛չ, չի փոխվել։ Իմ ընկերները ինչպես կային, այնպես էլ մնացել են, միայն շատացել են: Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր հաջողությունների են հասնում և մոռանում ընկերներին:

– Հայտնի լինելու դեպքում, բնականաբար, չեն կարող չլինել քննադատություններ։ Ինչպե՞ս ես վերաբերվում այդ ամենին, ընկճվո՞ւմ ես։

– Ընդհանրապես ոչ, շարժվում եմ այն ոսկե կանոնով, որն ինձ ուժ է տալիս․ «Այն ամենը, ինչ կկամենաք՝ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց»։

– Լիլի, ֆինանսապես անկա՞խ ես, հե՞շտ է սեփական փողը ծախսելը։

– Այո՛, շատ հեշտ է ու ավելի հաճելի։
– Բարձր հոնորարի առկայությունը քեզ համար պարտադի՞ր պահանջ է պոդիումում քայլելու համար։

– Անկեղծ ասած՝ պոդիումն այնքան էլ չեմ սիրում, տեսախցիկն ավելի հոգեհարազատ է, չնայած երբեմն-երբեմն մասնակցում եմ նորաձևության ցուցադրությունների ու քայլում պոդիումում:

– Մասնագիտությանդ մեջ տաբուներ ունե՞ս։ Ի՞նչը երբեք չես անի։

– Վուլգար նկարներ չեմ սիրում, դեռևս ամբողջովին մերկ չեմ նկարվել, ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանում չեմ էլ նկարվի։ Մնացած առումներով ազատ եմ:

– Նորաձևությանը կուրորեն հետևո՞ւմ ես, արդյո՞ք պարտադիր պայման ես համարում զգեստապահարանումդ սեզոնի թրենդներ ունենալը։

– Այո՛, հետևում եմ, թե ինչն է նորաձև, ինչը՝ ոչ, բայց երբեք չեմ կրի այն հագուստը, որով ինձ հարմարավետ չեմ զգում: Դա գեղեցիկ չէ, մարդն է ստեղծում իր ոճը, պետք չէ կրկնօրինակել։

– Ինչպիսի՞ հագուստով քեզ կարելի է տեսնել առօրյայում, շա՞տ ես ծախսում հագուստի ու շպարի պարագաների համար։



– Առօրյայում ավելի հանգիստ հագուստով եմ լինում, գինը չեմ կարող նշել, քանի որ իմ մայրիկն է իմ զգեստները գնում, բայց սիրում եմ ամեն շաբաթ զգեստապահարում թարմության շունչ զգալ։

– Ներդաշնա՞կ ես ապրում իրականության ու քո աշխարհի միջև:

– Իմ աշխարհն ուրիշ է, իրականությունն՝ ուրիշ։ Իմ աշխարհում ամեն բան հեքիաթային է, փորձում եմ որոշ չափով իրականություն դարձնել այն:

– Ո՞րն է  բնավորությանդ ամենաբնութագրական գիծը, որին արժե սիրահարվել։

– Չեմ ցանկանում ինքս ինձ գովալ, որոշեցի հարցում անել․ ասում են՝ համեստություն, բարություն, նվիրվածություն:

– Հեշտությա՞մբ ես մարդկանց թողնում քո կյանք, ընկերանում, թե՞ տեսակով փակ մարդ ես:

– Օ՜, չգիտեմ էլ՝ դա լավ կողմ է, թե վատ, բայց շուտ եմ ընկերանում և հիասթափվում։

– Ինչի՞ց կարող ես հիասթափվել։ Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ ես ունենում։

– Դավաճանությունից։ Մարդ կարող է դավաճանել իր ընտանիքին, իր ընկերներին, իր հայրենիքին, իսկ դավաճան մարդն ընդունակ է ամեն ստոր քայլի։ Այո՛, ափսոսանքի զգացողություն հաճախ ունենում եմ, երբ մոտ եմ ինձ թողնում այն մարդկանց, որոնք նույնիսկ չգիտեն, թե իրենք քանի երես ունեն։

9 copy

– Գալիս է մի էտապ, երբ քո անձնականը դադարում է լինել միայն քոնը։ Հանրային հետաքրքրությունը որքանո՞վ է խանգարում քեզ անձնական կյանքում։

– Ընդհանրապես չի խանգարում։ Ես իմ ամեն քայլը բաց եմ անում և թաքցնելու կամ վախենալու ոչինչ չունեմ։ Հաճելի է, երբ հանրությանը հետաքրքրում է իմ կյանքը։

– Վստահաբար, երկրպագուների պակաս չունես։ Ինչ-որ մեկին արդեն հաջողվե՞լ է գրավել սիրտդ։

– Շուտով կիմանաք։

– Ո՞ր հատկանիշներն ես կարևորում տղամարդու մեջ։

– Տղամարդկություն և վերջ:

– Քեզ համար որքանո՞վ է կարևոր կողակից ունենալը՝ կյանքը լիարժեք վայելելու համար։

– 50-50, քանի որ այն և՛ օգնում է, և՛ խանգարում, չնայած եթե ընտրում ես ճիշտ կողակցի, միայն օգնում է: Կարծում եմ՝ ես սխալ ընտրություն չեմ կայացնի:

– Ո՞րն է այն նպատակակետը, որին ձգտում ես հիմա։

– Շուտով մասնակցելու եմ մրցույթի ու ուզում եմ լիարժեք ներկայանալ։

1 copy2 copy3 copy4 copy10 copy11 copy12 copy13 copy14 copy

Facebook Comments