Աղոթքը առավել պատվական ընծա է Աստծուն, քան այն ամենը, ինչ մատուցում ենք Նրան: Աղոթեցեք․․․

Աղոթքը առավել պատվական ընծա է Աստծուն, քան այն ամենը, ինչ մատուցում ենք Նրան:


Երբ ընթերցում ես Սուրբ Գիրքը, Աստված է խոսում քեզ հետ, իսկ երբ աղոթում ես, դու ես խոսում Աստծո հետ, ըստ այն խոսքի, թե` «Ես աղոթում եմ Աստծուն կյանքի համարե (Սաղմ. ԽԱ 9)» և «Աստված խոնարհեցնում է Իր ականջը` լսելու աղոթողի ձայնը» (Սաղմ. ԺԶ 6, Լ 3): Աղոթքի գործը կարող է կատարվել ամեն ժամ՝ գիշեր թե ցերեկ, տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, առողջության, հիվանդության, մանկության, ծերության ժամանակ, ամռանը թե ձմռանը, մշտապես 

Երբ լեզուն առանց սրտի է խոսում Աստծո հետ, շաղակրատանք է և ո՛չ աղոթք: Երբ լեզուն ու սիրտը համաձայնում են, սակայն խնդրում են չար ու մարմնավոր բաներ, հեթանոսների շատախոսություն է այդ: Քանզի Տերն ասում է. «Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները» (Մատթ. Զ 6), այսինքն` մի՛ խնդրեք մարմնավոր բաներ` թշնամիների կորուստ կամ չար հաջողություն: Բարի աղոթք է, երբ սիրտն ինքը, առանց շրթունքները շարժվելու, աղոթում և աղաղակում է առ Աստված, ընդունելի է, ինչպես աղոթքը Մովսեսի, որ աղոթեց գլուխը ծնկների մեջ դրած, և Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» (Ելք ԺԴ 15): «Պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» (Ղուկ. ԺԸ 1): Քանի որ աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստիև պետք է միշտ աղոթել: Եթե աղոթքը դադարում է, նշանակում է հոգին մեռած է: Ամեն ժամ անդադար աղոթել նշանակում է չհուսահատվել , այսինքն` մի խնդրանքի համար բազում անգամ աղոթել, մինչև ստանալը, ինչպես այն այրի կինը բազում անգամ խնդրեց անիրավ դատավորին, նաև նա, որ նկանակ փոխ խնդրեց: Պողոսն ասում է. «Ուրա՛խ եղեք և անդադար աղոթեցեք» (Ա Թեսաղ. Ե 16):


Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30

lurer

Facebook Comments